Հայոց վերածննդի, Միասնական Հայրենիքի վառ ու նվիրական տեսլականի համայնապատկերում վերահառնում է հայ մարդու ամբողջական կերպարը, որն իր տեսակի անաղարտությունը պահպանում է ժամանակի հարաբերական՝ անցյալ-ապագա չափումներում, ուր ներկան այս դեպքում «ապոկալիպսիսյան» կամուրջ է, մաքրագործումի ու հատուցումի օղակ՝ կոչված ասես թե ընթերցողի միտքն ու զգացողությունները կիզակետելու Մարդու՝ բնույթային առումով որոնող, իսկ հավատամքային առումով՝ արարչապաշտ ու հրետոգորյալ տիպին, որպես զգուշացում ու պատասխան՝ «ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում», թվում է թե, հավերժական հարցադրումներին:
Իմաստասիրական ու բազմաբովանդակային իր բնույթով վեպը ընթերցողին առաջադրում է և՛ հարցեր, և՛ պատասխաններ:
ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ
… Անցյալն ու ապագան անընդհատ հոսում են Կյանքի Գետի միջով, ինչպես քամու անտեսանելի շնկոցը՝ մշտապես նորոգվող բնության արարվածքների միջով… Այսպես և՝ մենք ենք «տարրալուծվում» ողջ Գոյի մեջ և (ցավոք)... երբեմն առ երբեմն ենք հասցնում գիտակցել, որ այդ հզոր Հոսքի մի փոքրիկ, բայց, արդարացիորեն՝ անընդհատական մասնիկն ենք... Խաղաղավետ մի պահի, երբ ճանաչողության (հոգևոր) Սիրտը բացվում է Անսահմանության Ծաղկի պես, այնժամ, հասկանում ենք, որ երկրային «կյանքերի» հանրագումարային տիրույթներում մենք խաղացել ենք բազու՜մ դերեր… մինչև այն Պահը, երբ մեր սրտերում վերջապես ճանաչելով մեր իսկական, աստվածային ԵՍ-ի ճշմարիտ ներկայությունը՝ հաստատակամորեն հետևում ենք Քրիստոգիտակցության առաջնորդող-ինքնափրկող լույսին...
«Հրե Կարոտը» գրելուց անմիջապես հետո միտք հղացավ՝ գրելու «Հրե Առագաստանավը» վեպը, ուստի, մեկը մյուսին լրացնելուց բացի, ամփոփագրում են ասելիքս այնպես, կարծես թե սկզբում գրել եմ այս մեկը, և ոչ այն, ուստի, իր այլաբանական-իմաստասիրականհենքում այն ընթերցողի հոգում համամարդկային ոգեղեն որակներն իսկությամբ որոնելու, ճանաչելու և գործադրելու, ինչպես և՝ քրիստոսյան (իմա՝ աստվածային) Ճշմարտության հետ հարաբերվելու ակնկալիքն ունի: Ուզում եմ ասել, թե քրիստոսյան Ոգու և Գիտակցության մեջ մեզ որոնելով ու գտնելով միայն կարող ենք համամիավորվել՝ Մարդուն վերադառնալու և դեպի աստվածամարդու կյանք մեզ ճանապարհելու դրդող ոգեսրտային (Սիրո և Ուրախության) ամենագո Արեգակին, ասել է թե՝ «սրտաբաբախումների»
աստվածայնորեն համամարդկային ոգեորակներով զորել ու չհապաղել արձագանքել Ճշմարտության՝ ամբողջագրայնորեն հասանելի ճաճանչներին…
Հեռու վանելով ինձնից կեղծ ու «թլսորող» գրականությանը հատուկ խառնիճաղանջային՝ անհեթեթ դեգերումների ու բառաիմաստային պեղումների ձանձրացնող անրջանքը, ձգտել եմ, հնարավորինս հանրամատչելի լեզվամտածողությամբ ու «ներքին» կապով հյուսել պատմվածքների կուռ ու ամբողջական մի շղթա, որպիսին հնարավոր լինի կարդալ չթուլացող հետաքրքրությամբ…
«Հրե Կարոտ»-ում տեղ գտած «Ամենաթանկագին հուշը» պատմվածքը գրել եմ էքստազային (վերապրումային) մի զգացողությամբ… Հոգևոր սրտումս խորքայնանալու հնարավորությունն ինձ թույլ է տվել, որպեսզի հոգուս (անհատական Ես) լավագույն փորձառությունների «պատառիկները» կարողանամ համակցել ու մոռացության «անսփոփ» վանդակների միջով երևան հանել «հրեղեն» հիշողությունների անգնահատելի ու չթառամող մխիթարանքը… Մանկության տարիներից ի վեր սրտումս թռվռացող որոշ հավաստի պատկերների ու միստիկ զգացողությունների հետ զուգորդվել են նաև երևակայությանս ազնիվ նշխարները (դրանք կարելի է նաև համարել ապրվածի «հուշանինջ» էջեր), որոնք տվյալ հոգու (այս դեպքում՝ իմ) փորձառության դարսեդարս ծալքերում երբեք չեն կորչում, ինչպես որ աստղային զետեղարան Տիեզերքում երբեք չի կորչում ու չի որսվում Անսահմանությունը… Սա գրել եմ նրանց համար, ովքեր համանման զգացումներ ու «հուշանինջ» էջեր գուցե պեղեն իրենց սրտերի խորքերում, ովքեր իրենց հոգիներում վերարթնացնեն գուցե հավերժարար մարդու կատարելատիպն ու լավագույն նկրտումների անընդհատականությունը… Պարզապես, այս աշխատանքը ես համարում եմ որպես էութենական ինքնաճանաչողության արձակ պոեմ ու հուսով եմ՝ անձնականն այստեղ անանձնականի համահնչունությունն ու ոգեղեն որոնումների նույնականությունն ունի:
Սա իմ մեջ եղող ամենալավն է ու ամենաթանկը, որ առաջարկում եմ և՛փոքրահասակ, և՛ մեծահասակ ընթերցողին, ուստի, ես ինձ լիուլի վարձատրված կզգամ, եթե գիրքն իր ընկալման առումով` բարդություններով հանդերձ, հասկացվի այնպես, որպես ինքս կուզենայի, որ այն հասկացվեր... Սիրելիներս, մոռացությունից խուսանավելու համար այնպե՜ս կարևոր է մեր սրտերում պահպանել Հրեղեն Կարոտը...
Արա Աբգարյան
Комментарии
Отправить комментарий